08/03/2023
Մարտի 8-ի դիմադրության շրջանակում կիսվում ենք ՖեմԳրադարանի մանիֆեստով։
Մեզ սովորեցրել են, որ կանայք տղամարդակենտրոն աշխարհի սպասարկուներն են, տղամարդկանց սեփականությունը։ Մեզ դարձրել են գեղեցկության ու ներշնչման օբյեկտ, զրկել ազատությունից, բռնացել մեր կամքին, գծագրել մեր մարմինը, ջնջել մեզ պատմությունից։ Մենք հրաժարվում ենք տղամարդու ստեղծածից և ֆալոսի պաշտամունքից․ մենք ուզում ենք մտածել, ստեղծագործել, ապրել թելադրված պատումներից դուրս։
Հայրիշխանական համակարգը գտել է կանանց բռնանալու ուղղակի և անուղղակի, տեսանելի և անտեսանելի ձևեր, որոնց մասին մեզ ստիպում են լռել, և որոնք ընկալվում են որպես հարաբերվելու ընդունված կամ խրախուսելի ձևեր։ Կանանց բռնաբարում են ու ստորացնում, անտեսում և արժեզրկում մեր վկայություններն ու փորձառությունները։ Կանանց սպանությունները կրում են սիստեմիկ բնույթ, բայց դիտարկվում են որպես ապաքաղաքական, եզակիացված, թղթաբանեցված վիճակագրություն։
Մենք գիտակցում ենք, որ կապիտալիստական համակարգը կեղեքում է բոլոր աշխատավորների կյանքը, բայց նաև տեսնում ենք, որ կանայք կապիտալիզմից առավել մեծ թափով և բազմաշերտ տրամաբանությամբ են կեղեքվում։ Կապիտալիստական շահագործման և դրան զուգահեռ խորացող աղքատության հետևանքները կանանց վրա ամենաթափանց են՝ սկսած աշխատանքային շահագործումից մինչև տնային սպասարկու լինելը։ Ֆեմինիզմը կանանց հարցերը ճնշման այլ համակարգերից զատ քննող դիտակետ չէ, այն փոխհատվող է, ուստի ֆեմինիստական պայքարը չի կարող մղվել առանց կապիտալիզմի քննադատության։
Մեր սեռական ցանկություններն ու հաճույքը ճնշվել, ծառայեցվել են տղամարդու երևակայությանն ու ցանկասիրությանը։ Տղամարդկանց սպասարկելուց հրաժարվելու կամ հետերոնորմատիվությանը դիմադրելու կանանց պրակտիկաները ջնջվել ու ջնջվում են պատմությունից, կանանց ցանկասիրությունը արհամարհվում, ծաղրվում, յուրացվում և ապրանքայնացվում է տղամարդկանց կողմից։ Ստեղծվում են սեռականության նորմալ/գերակա և ոչ նորմալ/եզրային ձևեր, որոնց նպատակը հետերոսեռականությունը կենտրոնում պահելն է։
Կինն ընկալվում է որպես վերարտադրողական մեքենա՝ ի շահ ազգի, պետության, բանակի պահպանման և պատերազմի մեքենայի գործարկման։ Դիտավորությամբ լուսանցք մղված ինքնություններն ու պրակտիկաները վտանգ են այս համակարգի վերարտադրությանը, դրանք ճնշվում են, դիվայնացվում և օտարվում։
Մենք հրաժարվում ենք կուսության ինստիտուտից, խրախոսում մարմնի ազատ տնօրինումը, մարմնի ազատության տոնումը, դեմ ենք սիրո և զգացմունքի ինստիտուցիոնալացմանը, պետության ու կրոնի կողմից դրանց արտոնմանը, սեռականության պատժմանն ու կարգավորմանը իշխանության կողմից։ Մենք ընդունում և տոնում ենք մեր մարմիններն այնպիսին, ինչպիսին դրանք կան։
Վերադարձնում ենք մեր զգացմունքայնությունը, հույզերի արտահայտումը՝ դիմադրելով արականության ռացիոնալության իմպերատիվին՝ զգացմունքայնությունն ու հուզականությունն այդուհանդերձ չդիտելով իբրև անպայմանորեն «կանացի» հատկանիշ։
Մենք գենդերն ընկալում ենք երկբևեռ տիրույթից դուրս, միաժամանակ կարևորում ենք այն փորձառությունները, որ ունենք իբրև կանայք։ Կին ասելով նկատի ունենք թե՛ կենսաբանական կանանց, թե՛ ամբողջովին կամ մասնակի իրենց կին համարողներին։
Մեզ ստիպել են ճնշել մեր զայրույթն ու անհամաձայնությունը, լինել խոնարհ կամ հպատակ։ Մեզ դիտարկել են իբրև ամոթխած, ժպտադեմ, հարմարվող, ոչ կոնֆլիկտային, տղամարդու ագրեսիան հարթող հաշտարարներ։ Այդուհանդերձ, քաղաքական զայրույթն ու բարկությունը մեր ֆեմինիստական պայքարի շարժիչ ուժն են։ Մենք վերադարձնում ենք մեզ մեր զայրույթը։
Մենք հարցադրում ենք նորմալի և ոչ նորմալի սահմանը և հասկանում, որ հետերոնորմատիվ համակարգը որոշ ինքնություններ դարձնում է եզրային՝ իր իշխանության շարունակական վերարտադրության համար։ Հավատալով, որ կարողությունների կատերգորիաները հնարածին են, ստեղծված ի շահ սիստեմին՝ մենք չենք չափում մարդուն իր կարողություններով, հմտություններով, փորձագիտականությամբ, հոգեկան և ֆիզիկական բազմազանությամբ։
Մեղավոր չենք և ամոթ չենք զգալու մերժելու, չկարողանալու, չհասցնելու, սխալվելու, ձախողելու, չուզելու, չհաճոյանալու, հոգնելու, սպառվելու, չգործելու ու բաց թողնելու համար։ Ամոթն ու մեղավորության զգացումը ներարկում են կանանց մեջ ծնված իսկ օրվանից։ Դիմադրում ենք։
Չենք չափելու մեր կարևորությունը, սերը, զգացմունքը, ցավը, միտքը սիստեմի քանոնով։ Ջարդում ենք չափիչները։
Մենք մերժում ենք «մարդը գերագույն արժեք է» հասկացությունը և մարդուն չենք գերադասում բնության և կենդանական այլ տեսակներից, մերժում ենք բուրգը, որտեղ մարդը գտնվում է վերևում, իսկ մյուս տեսակները ստորադաս են և ծառայում են իր շահերին։ Բնության շահագործումից շատ կանայք են խոցվում․ ֆեմինիստական պայքարը նաև բնապահպանական պայքար է։
Դեմ ենք իշխանություններին, հեղինակություններին, սահմաններին, պետությանը և մասնավոր սեփականությանը սպասարկող ուժային կառուցվածքներին, ռազմական համակարգերին։ Մենք ընդդիմանում ենք ծավալապաշտությանն ու գաղութացմանը՝ մարմնի, լեզվի, մշակույթի ու տարածքի։
Դեմ ենք ինքնախնամքի նեոլիբերալ-կապիտալիստական և ինստիտուցիոնալացված մոտեցումներին, որոնք ինքնահոգատարությունը անհատականացնում են և դնում անհատի ուսերին՝ առանձնացնելով անհատին կոլեկտիվ գիտակցությունից։ Հավատում ենք, որ յուրաքանչյուր կնոջ ինքնախնամքը շղթայական կապի մեջ է կոլեկտիվ ապաքինման հետ և առանձնացված չէ կապիտալիստական շահագործման պայքարից։
***
Դիմադրելու ճանապարհներից մեկը ֆեմգրադարանի ստեղծումն էր, որը դեմ է իշխանությունը վերարտադրող համակարգերին, կառուցվածքներին և հիերարխիաներին։
Մենք դեմ ենք ֆեմինիզմի ծրագրայնացմանը և ՀԿ-ացմանը՝ միաժամանակ գիտակցելով, որ ինքներս մեզ իշխանությունից պաշտպանելու համար ստիպված ենք երբեմն օգտվել իրավական երաշխիքներից և կարգավորումներից։ Մենք մեզ չենք ընկալում ֆեմինիզմի ռահվիրաներ, մեր գործողությունները ենթակա են վերանայման, վերաիմաստավորման, քննելուն, մենք չենք վախենում ձախողելուց, սխալ գործելուց, փորձելուց, դիմադրելուց և միմյանց հավատալուց։ Մեր կոլեկտիվ աշխատանքը դիտարկում ենք որպես փորձառություն, սովորելու ճանապարհ։
Մենք գիտակցում ենք, որ ինքներս մեզ ֆեմինիստ կոչելը դեռ չի նշանակում հայրիշխանական պրակտիկաներից ազատագրվել կամ բավարար քննել մեր հնարավոր արտոնյալությունը բազմակի ճնշումների համատեքստում, քանի որ ազատագրումն ու հարցարկումը ամենօրյա տքնաջան աշխատանք են։ Մեզ համար կարևոր է, որ մենք փորձենք մեր սեփական պրակտիկաներում և կենսափորձում չդադարել հայրիշխանության դեմ պայքարելը։
Անհատապաշտությունը առանձնացնում է մեզ ու թողնում է մենակ, մեղավոր և պատասխանատու մեր ձախողումների համար, ինչը մեզ դրդում է անտեսել կոլեկտիվության զգացումը, գործել անհատապես և լինել մրցակցային։ Սա համակարգի համար գործիք է պահելու մեզ անջատ, պառակտելու համայնքային դիմադրությունները։
Մենք ընդունում ենք, որ ֆեմինիստական գրքերը և գրականությունը վտանգավոր են սիստեմի համար, մենք գիտակցաբար շարունակում ենք լինել վտանգավոր ճնշման համակարգերին և գրադարանը դիտարկել որպես հեղափոխական, դիմադրական տարածք։
Ֆեմինիստական գիտելիքի, ակտիվիզմի և արվեստի միահյուսումը համարում ենք դիմադրական կարևորագույն ուղղություններ, բայց կարևոր ենք համարում դրանց ապակառուցումը հայրիշխանական տրամաբանությունից անդին։ Ֆեմինիստական ակադեմիան դիտարկում ենք ինստիտուցիաներից, հայրիշխանության կողմից ընդունվող լեզվից, մեթոդներից և պրակտիկաներից դուրս։
Ֆեմինիստական ակտիվիզմը փորձարկում ենք որպես ոչ ծրագրային, ինքնաբուխ, կոլեկտիվ ինքնակազմակերպման դիմադրական փորձ, իսկ ֆեմինիստական արվեստը՝ քաղաքական, հեղափոխական, ոչ գեղագիտական և եզրային։
Մենք հրաժարվում ենք հա(յ)ր-իշխանությունից։
Մենք դիմադրում ենք հայր-իշխանությանը։
Մենք ապասովորում ենք հայր-իշխանությունը։
Մենք տապալում ենք հայր-իշխանությունը մեր մեջ և մեզնից դուրս։